07.08.2010-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, ընդունված 24.06.2010-ին:
ՀԾ-Հաշվապահ համակարգում միջին աշխատավարձի հաշվարկը այս փոփոխություններից որոշներին համապատասխանեցնելու համար պահանջվում են ծրագրային լրամշակումներ: Դրանք կներառվեն ՀԾ-Հաշվապահ համակարգի մոտակա տարբերակում:
Օրենքում կան նաև այնպիսի կետեր, որոնց համապատասխան օգտագործողներն իրենք պետք է համակարգում կատարեն որոշակի փոփոխություններ: Ստորև թվարկված են այդ փոփոխությունները և գործողությունները, որոնք անհրաժեշտ է կատարել հաշվարկները դրանց համապատասխանեցնելու համար.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի 88-րդ հոդված (այս հոդվածը վերաբերվում է աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածին), 3-րդ մասի առաջին պարբերություն`
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
ՀԾ-Հաշվապահ համակարգում արձակուրդայինի միջինի հաշվարկը այս փոփոխությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է Աշխատավարձ ենթահամակարգից բացել Աշխատանք -> Դրույթներ էջը և Միջին օրական գործակիցը արձակուրդ հաշվարկելիս դաշտի արժեքը 30.4-ի փոխարեն դարձնել 21 եթե ձեզ մոտ աշխատանքային շաբաթը հնգօրյա է և 25, եթե աշխատանքային շաբաթը վեցօրյա է:
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի 88-րդ հոդված 2-րդ մաս
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
1) Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:
2) Եթե սույն մասի 1-ին կետում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարը այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
Այս փոփոխության հետ կապված հնարավոր են հետևյալ դեպքերը.
Եթե աշխատակիցը չի ստացել պարգևատրում, արձակուրդային հաշվարկելիս համակարգը միջին աշխատավարձը կհաշվարկի պահանջվածին համապատասխան:
Եթե աշխատակիցը ստացել է պարգևատրում և արձակուրդայինի հաշվարկի համար ունի 12 լրիվ ամիսներ, արձակուրդային հաշվարկելիս համակարգը միջին աշխատավարձը կհաշվարկի պահանջվածին համապատասխան:
Եթե աշխատակիցը ստացել է պարգևատրում և արձակուրդայինի հաշվարկի համար 12 ամիսներում կան ոչ լրիվ ամիսներ, կամ եթե ստացել է պարգևատրում և աշխատել է 12 ամսից պակաս, ապա արձակուրդայինի հաշվարկի ժամանակ Միջին աշխատավարձը պետք է մուտքագրել ձեռքով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.
https://www.armsoft.am/Temp/Small/AmendmentsinLabourLegislation.doc |