Նախքան ՀԾ-Ձեռնարկություն համակարգում ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվառման կազմակերպման առանձնահատկությունների քննարկումը պետք է նշել, որ ընդունված են ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվառման հետևյալ երկու մոտեցումները`
1. Առաջին դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը չի ներառվում ոչ ռեզիդենտի պարտավորության մեջ, այլ անմիջապես ծախսագրվում է և միաժամանակ ճանաչվում է որպես հետաձգված հարկային պարտավորություն` ոչ ռեզիդենտին վճարման պահին ընթացիկ հարկային պարտավորությունների կազմ տեղափոխելու նպատակով:
2. Ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը ներառվում է գործընկերոջ պարտավորության գումարի մեջ, որից անմիջապես հետո պարտավորության գումարից նվազեցվում է և ճանաչվում որպես հետաձգված հարկային պարտավորություն` ոչ ռեզիդենտին վճարման պահին ընթացիկ հարկային պարտավորությունների կազմ տեղափոխելու նպատակով:
Առաջին տարբերակի ընտրության դեպքում առաջարկվում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգում իրականացնել հետևյալ քայլերը.
1. Ստեղծել 'Ծառայության արտարժութային գնման Հ/Ա', որի 'Ոչ ռեզիդենտից ստացված ՀԱ' էջում պետք է նշել 'Ոչ ռեզիդենտից ստացված Հ/Ա' ստուգավանդակը:
2. 'Գնացուցակ' էջի 'Գին' և 'Գումար' էջերում լրացնել համապատասխանաբար ծառայության միավորի գինը և գումարը, որոնք չեն ներառում ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը, իսկ 'Գումար ԱԱՀ' դաշտում լրացնել ոչ թե 'Գումար' դաշտում լրացված գումարի 20 %-ը, այլ տվյալ գումարի և ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարի հանրագումարի 20 %-ը:
3. Հաշվային պլանում բացել 542 հաշվի ենթահաշիվ` որպես 'Ընթացիկ պարտավորություն հետաձգված ոչ ռեզիդենտի շահութահարկի գծով', օրինակ` 5422: Տվյալ հաշիվը պետք է ունենա արտարժույթի հասանելիություն, քանի որ ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը մինչև վճարման պահը պետք է հաշվառվի արտարժույթով, իսկ վճարման պահին վերագնահատվի և տեղափոխվի ընթացիկ հարկային պարտավորությունների կազմ: Կախված նրանից, թե ոչ ռեզիդենտի գծով հետաձգված հարկային պարտավորությունը պետք է հաշվառվի ըստ գործընկերների, թե սինթետիկ մակարդակով, 5422 հաշիվը կարող է ունենալ համապատասխանաբար 200 կամ 001 բնութագրիչ:
4. 'Ծառայության արտարժութային գնման Հ/Ա' փաստաթղթի համար նկարագրել շաբլոն` ոչ ռեզիդենտի շահութահարկի գծով հետաձգված պարտավորության ձևակերպման համար, որի 'Հաշիվ դեբետ'- ը կլինի ծառայության ծախսի հաշիվը, իսկ 'Հաշիվ կրեդիտ'-ը` հետաձգված պարտավորության հաշվառման հաշիվը (տվյալ դեպքում` 5422-ը):
5. Ոչ ռեզիդենտի պարտավորության վճարման ժամանակ հետաձգված ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը վերագնահատել և պարտավորության վճարված գումարին համամասնորեն տեղափոխել ընթացիկ հարկային պարտավորությունների կազմ 'Արտարժութային հիշարար օրդեր' կամ 'Խմբային հիշարար օրդեր' փաստաթղթերով:
Երկրորդ տարբերակի ընտրության դեպքում, այսինքն` երբ ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը պետք է ներառել գործընկերոջ պարտավորության գումարի մեջ, այնուհետև նոր ճանաչել որպես հետաձգված հարկային պարտավորություն, առաջարկվում է իրականացնել հետևյալ քայլերը.
1. Ոչ ռեզիդենտից ստացված հաշիվ-ապրանքագիրը համակարգ մուտքագրել երկու 'Ծառայության արտարժութային գնման Հ/Ա' փաստաթղթերի միջոցով: Ստեղծվող երկու հաշիվ-ապրանքագրերը պետք է ունենան նույն ամսաթիվը, նույն համարը, ինչպես նաև գործընկերը պետք է լինի նույնը: Հ/Ա-ների առանձին գրանցման նպատակն այն է, որ եթե գրանցվի մեկ հաշիվ-ապրանքագիր, քանի որ ոչ ռեզիդենտի շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունը պետք է ճանաչվի անմիջապես, իսկ դա ծրագրում կատարվելու է հաշիվ-ապրանքագրի մարման ճանապարհով, ծրագիրը մարված գումարին համամասնորեն առաջարկելու է ԱԱՀ-ն հաշվանցել, որը սխալ է, քանի որ պարտավորությունը փաստացի չի մարվել: Հ/Ա-ներից առաջինում կգրանցվի հաշիվ-ապրանքագրի գումարը առանց ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարի, այսինքն` փաստաթղթի 'Գնացուցակ' էջի 'Գին' և 'Գումար' էջերում կլրացվեն համապատասխանաբար ծառայության միավորի գինը և գումարը, որոնք չեն ներառում ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը, իսկ 'Գումար ԱԱՀ' դաշտում նախորդ տարբերակի նման կլրացվի ոչ թե 'Գումար' դաշտում լրացված գումարի 20 %-ը, այլ տվյալ գումարի և ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարի հանրագումարի 20 %-ը: Հ/Ա-ի 'Ոչ ռեզիդենտից ստացված ՀԱ' էջում 'Ոչ ռեզիդենտից ստացված ՀԱ' ստուգավանդակը այս դեպքում նույնպես պետք է նշել:
2. Երկրորդ Հ/Ա-ում գրանցել միայն ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը: Երկրորդ Հ/Ա-ում նույնպես ԱԱՀ-ի հաշվարկի ձևը պետք է լինի 1 'ԱԱՀ 20 %-ով' , սակայն ԱԱՀ-ի գումարը պետք է լինի 0: Քանի որ երկու Հ/Ա-երն էլ ունեն նույն ամսաթիվը, նույն համարը և ստացված են նույն գործընկերոջից, 'Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ' հաշվետվությունում դրանք կերևան որպես մեկ հաշիվ-ապրանքագիր` ամփոփ գումարով:
3. Հ/Ա-ները ստեղծելուց հետո անմիջապես ճանաչել ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը: Դրա համար պետք է երկրորդ` ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը ներառող Հ/Ա-ն մարել հետաձգված ոչ ռեզիդենտի պարտավորության հաշվառման հաշվով (5422): Կախված նրանից, թե 5422 հաշվառվում է ըստ գործընկերների, թե սինթետիկ մակարդակով, Հ/Ա-ն պետք է մարել կամ 'Մարել Հ/Ա-ն դեբիորական պարտքով', կամ 'Մարել Հ/Ա-ն սինթետիկ հաշվով' ճյուղով:
4. Ոչ ռեզիդենտին պարտավորության գումարի վճարման պահին կատարել 5422 հաշվի վերագնահատում և պարտավորության վճարված գումարին համամասնորեն ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը տեղափոխել ընթացիկ հարկային պարտավորությունների կազմ 'Արտարժութային հիշարար օրդեր' կամ 'Խմբային հիշարար օրդեր' փաստաթղթերով:
Ընդ որում` առաջարկվող երկու դեպքերում էլ հնարավոր է ոչ ռեզիդենտներից ստացված Հ/Ա-երը դասակարգել Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում նկարագրված յուրաքանչյուր տողի բովանդակությանը համապատասխան` բացելով գնման Հ/Ա-երի նոր խմբեր (թվով 9` Ոչ ռեզ. շահ. հաշվետվության ձևին համապատասխան):
01 Ապահովագրական հատուցումներ |
02 Վերաապահովագրական վճարներ |
03 Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ |
04 Շահաբաժիններ |
05 Տոկոսներ |
06 Ռոյալթիներ |
07 Գույքի վարձակալության դիմաց եկամուտներ |
08 Գույքի արժեքի հավելաճ |
09 Այլ եկամուտներ | |