01.12.2010թ-ից ուժի մեջ է մտել ՀՕ-160-Ն “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքը”, որը տարածվում է այդ ամսաթվից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:
Նոր օրենսդրությանը համապատասխան հիվանդաթերթիկի հաշվարկը ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում կատարվում է հետևյալ կերպ.
· Միջինների հաշվարկը կատարվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածին համաձայն, սակայն կատարվում է միջին ամսական գումարի ստորին (նվազագույն աշխատավարձի չափ) և վերին սահմանների ստուգում (նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափ):
· Փաստաթղթում նշվում է անաշխատունակության թերթիկում նշված ժամանակահատվածը, որը ծրագիրը վերածում է աշխատանքային օրերի և հաշվարկը կատարում է հետևյալ կարգով.
- Անաշխատունակության առաջին օրվա համար գումար չի վճարվում:
- Երկրորդ, երրորդ և չորրորդ օրերի համար գումարը վճարվում է գործատուի միջոցների հաշվին:
- Հինգերորդ օրվանից սկսած վճարվում է սոցապի միջոցների հաշվին:
· Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է առաջին օրվանից սկսած` աշխատանքային օրերի համար և ամբողջությամբ վճարվում է սոցապի միջոցների հաշվին:
ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգում անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունները`
1. “Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր”-ում անհրաժեշտ է ավելացնել “W07”-“Միջին օրական գործակիցը հիվանդաթերթիկի հաշվ.” պարամետրը` 01.12.2010թ-ից լրացնելով 21 արժեքը հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատողների համար և “W17”-“Միջին օրական գործակիցը հիվանդ-կի (6-օրյա)” պարամետրը` 01.12.2010թ-ից լրացնելով 25 արժեքը վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատողների համար:
2. Քանի-որ հիվանդաթերթիկի միջինների հաշվարկը նոր օրենսդրության համաձայն հղվում է դեպի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը, անհրաժեշտ է վերանայել “Հավելումներ և պահումներ” տեղեկատուի “Մտնում է հիվանդաթերթիկի միջինի մեջ” և “1/12-րդ մասով” ստուգավանդակները: Օրինակ՝ նախկինում արձակուրդայինները և միանվագ տրվող գումարները մտնում էին հիվանդաթերթիկի միջինի մեջ 1/12-րդ մասով, այժմ դրանք միջինների հաշվարկում չեն մասնակցում, այդ պատճառով համապատասխան հավելումների նշիչները պետք է հանել: Այսուհետև, բոլոր հավելումների համար արձակուրդայինի և հիվանդաթերթիկի միջիններին վերաբերվող ստուգավանդակները պետք է միաժամանակ նշել կամ հանել:
Նոր օրենքի համաձայն հիվանդաթերթիկի հաշվարկը կատարվում է “Հիվանդաթերթիկի հաշվարկ (նոր)“ փաստաթղթով: Պահպանվել է նաև հին հաշվարկի տարբերակը՝ մինչև 01.12.2010թ ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի և ԼՂՀ օրենսդրության պահանջով հաշվարկները ապահովելու համար:
01.12.2010թ-ից փոփոխվել է նաև “ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ” օրենքը, որի համաձայն oտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք համարվում են սոցիալական վճարումներ կատարողներ և վերոնշյալ անձանց հաշվարկվում և վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ՝ ՀՀ օրենսդրության համաձայն սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում: