Ինչպե՞ս ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծել ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված Նյութական արժեքներ և Գործընկերներ տեղեկատուները
Արդյունավետությունը բարձրացնելու համար առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում առկա է օպերատիվ և հաշվապահական հաշվառումներն ավտոմատացնելու անհրաժեշտություն: Այդ նպատակով բազմաթիվ կազմակերպություններ ձեռք են բերում ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր համակարգերը: Վերջինս թույլ է տալիս մանրակրկիտ հաշվառել և վերլուծել մեծածախ և մանրածախ առևտուրը:
Միևնույն վաճառքի փաստաթուղթը երկու համակարգերում ձեռքով չմուտքագրել համար հնարավորություն է տրված այն արտահանել ՀԾ-Առևտուր համակարգից և ներմուծել ՀԾ-Հաշվապահ համակարգ: Սակայն մինչև փաստաթղթերի տեղափոխումը, անհրաժեշտ է նախ համապատասխանեցնել երկու համակարգերի տեղեկատուները: Նյութական արժեքներ և Գործընկերներ տեղեկատուները ևս հնարավոր է արտահանել ՀԾ-Առևտուր համակարգից և ներմուծել ՀԾ-Հաշվապահ համակարգ:
Գործընկերների և Նյութական արժեքների տեղեկատուների տեղափոխումն իրականացնելու համար հարկավոր է.
1. Մուտք գործել ՀԾ-Առևտուր համակարգ և ընտրել Աշխատանք→Ադմինիստրատորի գործիքներ→Արտահանել տվյալներ→Արտահանել տեղեկատուներ հրամանը.
2. Բացված պատուհանում նշել արտահանման ճանապարհը, միացնել Ապրանքներ և ծառայություններ, Գործընկերներ տողերի դրոշակները և սեղմել Կատարել կոճակը: Համակարգն ավտոմատ կառաջարկի ֆայլի TradeExport անունը և ճանապարհը, ցանկության դեպքում դրանք կարելի է փոխել: Տվյալները կարտահանվեն .xml ընդլայնմամբ ֆայլում.
3. Այնուհետև մուտք գործել ՀԾ-Հաշվապահ համակարգ և ընտրել Աշխատանք→Ադմինիստրատորի գործիքներ→Ներմուծել տվյալներ հրամանը.
4. Բացված պատուհանի ձախ բաժնում ընտրել այն թղթապանակը, որտեղ գտնվում է ֆայլը, աջ բաժնում նշել հայտնված անհրաժեշտ ֆայլը, ակտիվացնել Ապրանքներ և Գործընկերներ տողը և սեղմել Կատարել կոճակը.
Դիտողություն: Նյութական արժեքներ և Գործընկերներ տեղեկատուները ներմուծելիս կատարվում է երկու համակարգերի Նյութական արժեքների խմբեր, Չափման միավոր, Գործընկերների խմբեր, Բանկեր տեղեկատուների համապատասխանության ստուգում: Ներմուծումը կատարելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ՀԾ-Հաշվապահ համակարգում նշված տեղեկատուները համապատասխանում են ՀԾ-Առևտուր համակարգում եղած տեղեկատուների հետ, այլապես ներմուծումը չի կատարվի կամ կկատարվի մասամբ:
ՀԾ-Առևտուր համակարգի Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուն ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծելիս տրոհվում է Նյութական արժեքներ և Ծառայություններ տեղեկատուների: Նյութական արժեքների տեղեկատուն ներմուծելիս ներմուծվում են նաև կոմպլեկտներն իրենց բաղադրամասերով:
|